Tuesday, October 15, 2013

Festival de musique baroque d'Ambronay / 2013

ֆրանսերենով տարբերակը կարդացեք Ֆրանսիայի Դեսպանատան կայքում,
la version francaise ici- այստեղ

Սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 6-ը Ամբրոնեյում, նշվում է բարոկկո երաժշտության փառատոնը: Ամբրոնեյը (Ambronay) ֆրանսիայի հարավ- արևելքում գտնվող մի փոքրիկ համայնք է, որը պատկանում է Րոն-Ալպ տարածաշրջանին: Տեղի բնակիչներին անվանում են ամբրունուա կամ ամբրունուազ (Ambrunois,  Ambrunoises):
Գյուղն  օտարերկրացի այցելուին հիացնում է  փարթամ ու մշտադալար կանաչով:  Կյանքն Ամբրոնեյում չափազանց  հանգիստ է՝  իր համեստ առևտրային կետերով.  ծխախոտի մեկ փոքրիկ խանութ,  մեկ գեղեցկության սրահ և մեկ դեղատուն, չհաշված մեկ-երկու  բար -սրճարանն ու ռեստորանը, որոնք  գրեթե միշտ դատարկ էին կամ՝ փակ: Խանութն ու գեղեցկության սրահն էլ  գործում էին եզակի օրերի: Առևտրային հիմնական կետերը գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող քաղաքում են:
Երևի հենց այս հանգամանքներն են ստիպում տնտեսապես ակտիվ  բնակչությանը   լքել գյուղը՝ հաստատվել կամ աշխատանք գտնել Լիոնում և Ֆրանսիայի այլ քաղաքներում:  Այսօր գյուղում բնակչության թիվը հասնում է մոտ 2245 -ի:
Ամբրոնեյը հատկապես ֆրանսիացիներին հայտնի է հնագույն պատմությամբ հարուստ 8-րդ դարում հիմնված   «Սուրբ  Աստվածածին»  «L'abbaye Notre-Dame d'Ambronay» եկեղեցով, որը գոթական ճարատարապետության մասնիկներով ներկայացնում է 10-րդ, 13-րդ և 15-րդ դարերը :
1980թ.-ին Արվեստ և Երաժշտություն ասոցիացիան ստեղծեցին Ամբրոնեյի փառատոնը նվիրված հնագույն և բարոկկո երաժշտությանը: Հենց  այս կաթոլիկ եկեղեցու տարածքում էլ 2003թ-ից սկսած հաստատվեց Մշակութային հանդիպման կենտրոնը (centre culturel de rencontre), որը դարձավ համերգների, կոնֆերանսների և ցուցադրումների վայր:
Այս տարի, սեպտեմբերի 13-ից Ամբրոնեյի մշակութային կենտրոնում արդեն 34-րդ անգամ ապաստան ստացան աշխարհահռչակ բարոկկո երաժշտության ջատագովները: Ավանդույթ  դարձած փառատոնի շրջանակներում  15 օր կյանքն աշխուժանում է «մերքանտիլ» աշխարհից  մեկուսացած Ամբրոնեյի վանք-մենաստանում, բացօթյա ծառաշատ անտառներում և վրան-համերգասրահում, ինչպես նաև՝ մերձակա գյուղերի գոթիկ եկեղեցիներում:
Ամբրոնեյի Մշակույթի Հանդիպման Կենտրոնն իր 34-րդ թողարկմամբ տոնում է հնագույն երաժշտությունը՝ մի ծրագրի հետ համատեղ, որը երազանքի պաստառ է: Որը նույնպես գեղեցիկ առիթ է  շուքով նշելու Եվրոպական Բարոկկո Ակադեմիայի ստեղծման 20 ամյակը:
2013-ի   փառատոնը   տեղի ունեցավ  «Երազանքների մեքենա»,  « Machine à rêves » խորագրի ներքո :
Գոթական ճարտարապետության եզակի մոնումենտալ կառույցների և բարձրագույն արվեստի նման նախագծի սինթեզման մշակումը տարածում գտավ փառատոնի շուրջ: Հնագույն երաժշտության ակորդները խաթարում էին Ամբրոնեյի աստվածային լռությունը՝ այն  երեք շաբաթ շարունակ ազդարարելով բարոկկո   երաժշտության եվրոպական   կենտրոն:  Եկեղեցու ակուստիկան, հնագույն երաժշտական գործիքների, արտիստների ձայների սոպրանոն, տենորը և բասը հանդիսատեսին մի քանի ժամ կտրում էին իրական աշխարհից ու տեղափոխում դեպի 16-ից 17-րդ դարերը:
Philippe Jaroussky, Venice Baroque orchestra & Andrea Marcon
(Amb2013©Bertrand Pichene)
Լիոնից, ինչպես նաև ֆրանսիայի այլ քաղաքներից և տարբեր երկրներից ժամանած հանդիսատեսը և լրագրողները յուրաքանչյուր օր հնարավորություն ունեցան երեքից ավել համերգ վայելելու տարբեր երկրներից ժամանած երաժիշտների, երգչախմբերի և կատարողների մատուցմաբ հնագույն և բարոկկո երաժշտության ստեղծագործությունների գեղեցիկ ընտրանին՝ Անտոնիո Վիվալդի, Մարկ Անտուան Շարպանտիե, Կլոդիո Մոնտեվերդի, Մոցարտ, Բախ, Հենդել..
Փառատոնի ծրագիրը շատ բուռն էր և ընտրության մեծ հնարավորություն էր տալիս բարոկկոյի երկրպագուներին. երաժիշտների ու դերասանների կողմից վերապատրասման դասեր , բացօթյա ջազային իմպրովիզացիաներ, բանդոնիոնի արգենտինյան հնչյուններ, գիթառի և հունական պոեզիայի միաձուլումից ստեղծաված հրաշալի երգացանկ, հնագույն գործիքների կախարդական նվագակցության ներքո հրաշալի մեկնաբանումներ..
FLORES W SABATIER Chante Tanguero
( Bertrand PICHENE, AMBRONAY2013)
Իսկ Լիոնի Օպերայի դահլիճում հանդիսատեսը ֆրասերեն թվայնացված ենթագրերով առիթ ունեցավ փառատոնի շրջանակներում վայելելու  Մոցարտի « Ֆիգարոյի ամուսնությունը» կոմիկական օպերան: Հատկապես ֆրանկոֆոն հանդիսատեսին հայտնի դիրիժոր René Jacobs-ը, ով արդեն 10 տարի Փառատոնի  հավատարիմ մասնակիցն է և հայտնի է Մոցարտի օպերայի իր յուրովի մեկնաբանություններով, այս անգամ նույնպես այն նորովի ներկայացրեց՝ ղեկավարելով Ֆրիբուրի (Fribourg) բարոկկո նվագախումբը և Լիոնի Օպերայի նորաստեղծ երգչախմբի համերգը, որոնց կատարումները յուրահատուկ միաձուլում էին ստանում   Օպերային երգիչների խաղին:
Noces Figaro- Opera de Lyon/  Rene Jacobs
( © Bertrand PICHENE, AMBRONAY 2013 )
Բարոկկոյի դարաշրջանը պատմության ամենահուզումնալից, էմոցիոնալ եւ կոնտրաստային շրջանն է: Լիարժեք էմոցիան արտահայտվում է ոչ միայն ձայնով ու երգեցողությամբ, այլև՝ դերասանության, թատրոնի և երգի, ինչպես նաև հնագույն երաժշտական գործիքների հնչյունների  միաձուլմամբ, ինչը ակնհայտ էր Ամբրոնեյի բարոկկո երաժշտության փառատոնում:

պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը

P.S. - լսեք նաև աուդիո տարբերակը ՝  reportage de festival d'Ambronay

 


Comments
0 Comments

No comments:

Post a Comment